ԿԱՅՍԵՐ ՄԵՐՁԱՎՈՐԸ` ՀՈՐԱՑԻՈՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Գայոս Կիլնիոս Մեկենասը Օգոստոս կայսեր մերձավորն էր և երդվյալ միապետական, միաժամանակ իր դարի նշանավոր բանաստեղծներ Հորացիոսի և Վերգիլիոսի բարեկամն ու հովանավորն էր։ Նրա անունը համաշխարհային պատմության մեջ ամրագրվեց որպես հասարակ անուն։ Եվ ի հայտ եկան տարբեր մեկենասներ` աշխարհի ժողովուրդների պատմության մեջ։ Գլխավորապես նրանք մեծահարուստներ էին, որոնք կամոք սրտի սատարում էին սեփական երկրի մշակույթին ու արվեստին, և իրենց ազգի պատմության մագաղաթյա էջերում էին արձանագրվում։ ՈՒ մի՞թե Գայոս Կիլնիոս Մեկենասի անունը կփառաբանվեր դարերով, եթե նա լիներ ընդամենը կայսեր մտերիմ ու երդվյալ հանրապետական։ Այս պարզագույն ճշմարտությունը, ցավոք, գրեթե հասու չէ ներկա Հայաստանի ունևոր դասին։ Եվ նրանց սպառնում է հայոց պատմության լուսանցքներում պատսպարվելու հեռանկարը։ Բայց չէ՞ որ կան այլ ուղիներ, ճանապարհներ կան զարդարված փարթամ կաղնիներով, որոնք ուղեկցում են դեպի Տաճար, որի կամարների ներքո շրջում են Լազարյանները, Արամյանցը, Մանթաշյանցը, Խան-Քելեկյանը և, ի վերջո, Կյուլպենկյանը։
«ՆԱՎԹԱՅԻՆ ԹԱԼԵՅՐԱՆՆ ՈՒ ՊԱՐՈՆ «5 ՏՈԿՈՍԸ»
Նա Մանթաշյանցի միջոցով մերձեցավ Կահիրեի քաղաքակրթական վերնախավին։ Նա բուն հայ-արիական գենի կրող էր համաշխարհային գործարար աշխարհում, ուր շատ հաճախ մերկապարանոց և մարտնչող շահն էր շատերի հավատո հանգանակը։ Իր երևելի հայրենակից Լազարյանների, Արամյանցի և Մանթաշյանցի պես Գալուստ Կյուլպենկյանը նվաճում էր նոր եզերքներ` ապավինելով սեփական ստեղծագործ մտքին և բարեպաշտ վարքականոնին։ Կարճ ժամանակ անց նրա ձեռքում էր Թուրքական ազգային բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը, ինչն ապահովում էր 15 տոկոս կայուն շահույթ։ 1898 թվական։ Գալուստ Կյուլպենկյանը Փարիզի և Լոնդոնի օսմանյան դեսպանատների տնտեսական խորհրդատուն է։ (Ի դեպ, ծնվել է Կոստանդնապոլսում, Հայկական աշխարհի համար գերբերքաբեր 1869-ին։ Չէ՞ որ հեռավոր Կուտինայում լույս աշխարհ եկավ վերերկրային լուսատուն` Կոմիտասը։ Չէ՞ որ Հայկական լեռնաշխարհի հյուսիսային անտառապատ Դսեղում երկրին նվիրաբերվեց մի այլ լուսաստղ` Թումանյանը)։ 1902-ին Գալուստ Կյուլպենկյանը բրիտանահպատակ էր։ Նա առաջիններից մեկն էր, որը ռազմավարական շրջահայացությամբ գնահատեց նավթի նշանակությունը վերափոխվող կապիտալիստական աշխարհում։ Տեղին է հիշել, որ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Եվրոպայի քաղաքատնտեսական շրջանակները խորությամբ չընկալեցին նավթի գործոնը։ Երբ քնից հանկարծ արթնացած ԱՄՆ-ը Միջագետքի նավթային աղբյուրների արդյունահանման կոնցեսիան ստացավ, Մեծ Բրիտանիայի կառավարությունն օգնության հարցով դիմեց Կյուլպենկյանին։ Սակայն դադար տանք, զի նրա նվաճած ծովերում պատմության դառը բանադրանքով չէին նավարկում հայկական առագաստանավերը` հայոց դրոշների ներքո, վաղու՜ց, շա՜տ վաղուց դրանք ջրասույզ էին արվել, քանզի անգո էր Հայկական պետությունը։ Նա` «պարոն 5 տոկոսը», նախորդ դարի առաջին քառորդում աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր։ Անհայրենիք հայկազուն գործարարները համաշխարհային գործարարության հաճախ որոգայթալիցք տոնավաճառներում սահմանում էին սեփական խաղադրույքները։ Սակայն թույլ տվեք մի ուշագրավ դրվագով ավարտել շարադրանքս և անցնել մեր բուն նյութին։
Առաջին աշխարհամարտից հետո շնչահեղձվող Գերմանիայի նավթային հավակնությունները խստորեն նվազել էին։ Դրության տերը անգլո-իրանա-ֆրանսիական համագործակցությունն էր` համալրված երկու ամերիկյան ընկերություններով։ Տիար Գալուստը պահպանում է իր «5 տոկոսը»։ Սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո ամերիկյան ընկերությունները ներխուժեցին արաբական աշխարհ, որտեղ նավթն ուղղակի հորդում էր։ Բանակցություններից հետո, Կյուլպենկյանի դիվանագիտական տաղանդի շնորհիվ, խաղաղություն հաստատվեց։ «Նավթային գործարարները կարծես կատու են, նրանց ճիչերից երբեք չես հասկանա` կռվու՞մ, թե՞ կենակցում են»,- հետագայում ասում էր տիար Գալուստը։
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ
Գալուստը օրինակելի աշակերտ էր, հայրը նրան մի օր գումար տվեց (150 պիաստր), տղան հիմնեց իր երկրորդ կայսրությունը` շուկայում գնելով հին դրամներ, որոնք դարձան նրա հունական հին դրամների` աշխարհում ամենահարուստը համարվող հավաքածուի թթխմորը։ Նա արվեստի գիտակ էր, ուներ նրբին ճաշակ և խոր զգացողություն։
1929-34 թվականներին, Ստալինի հովանու տակ սովետական կառավարությունը սկսում է Էրմիտաժի կտավների գաղտնի վաճառքը. կայսրությունը փողի մեծ կարիք ուներ։ Կյուլպենկյանն առաջին գնորդն էր։ Նա ձեռք բերեց Ջորջոնեի, Ռեմբրանդի և Ռուբենսի գործերից, Էրմիտաժից գնեց 51 նմուշ, վճարելով 278900 ֆունտ ստեռլինգ։ (Ի դեպ, նրա հետ սերտորեն համագործակցում էր ՍՍՌՄ արտաքին առևտրի ժողկոմ Անաստաս Միկոյանը, որին վերջերս գերմանացի պատմաբանները դասեցին Թալեյրանից բարձր` նրան համարելով համաշխարհային պատմության խոշոր և չգնահատված անհատականություն)։ Էրմիտաժից ձեռք բերվածի մի մասը նա նվիրեց Բրիտանական թանգարանին, մյուսը` Լոնդոնի ազգային պատկերասրահին։ Ի վերջո, նա իր գերթանկ հավաքածուն նվիրաբերեց Լիսաբոնի արվեստի ազգային թանգարանին։ (Ինչու՞ նրա կերպարվեստի կայսրությունը չհանգրվանեց Երևանում` մի առանձին շքեղ շենքում, անհայտ չէ, այլևայլ քաղաքական դրդապատճառները խոչընդոտում էին նրա ձեռնարկումներին։ Ի դեպ, շատերը տեղյակ չեն, բայց «Գալուստ Գյուլբենկյան» հաստատությունը նպաստել է «Հրազդան» մարզադաշտի կառուցմանը)։ Կերպարվեստի կայսրությունը դարձավ «Գալուստ Գյուլպենկյան» հիմնադրամի հիմնաքարը, որը, ցավոք, գուցե «հայի բախտի» չարաբաստիկ որոշմամբ, համամարդկային կառույց է, Հայաստանը և հայկական գաղթօջախները աշխարհի 70 երկրների շարքում են օգտվում հիմնադրամի հատկացումներից։ Բավարարվենք եղածով (տարեկան 3 մլն 600 հազար դոլար գումար) և դասեր քաղենք։
Ամենակարևորը` հայ ազգային մեկենասությունը սաղմնավորվել և բարգավաճել է հայրենազրկության պայմաններում, և հայկազուն մեկենասների թե՛ բուն հարստությունը, թե՛ մեկենասական ներդրումները ծառայել են օտարին, երբեմն էլ հօդս են ցնդել։
Պետականության պայմաններում ազգային համակարգված կերպարվեստի մեկենասություն գոյություն չունի, չկա ու չի եղել օրենք մեկենասության մասին։ Գործող ԱԺ-ն դժվար թե ձեռնարկի նման օրենքի ստեղծումը, որը կանդրադառնա տողերիս հեղինակի երազանքների իրականացմանը, այն է` հայ ազգային բազմահարուստ կերպարվեստը սահմանադրորեն դիտարկել որպես ազգային-պետական գերակայություն, նկարն ու քանդակը արժևորել թե՛ որպես հոգևոր երևույթ (այն է` արժեք), թե՛ որպես աշխարհիկ գործընթաց (գին, որը գոյանում է կերպարվեստի նմուշների վաճառքից)։ Իշխանադասը երեկ էլ, այսօր էլ ինչպես ողջ մշակույթը, այնպես էլ կերպարվեստը համարում է մնացորդային արժեք, որը պետական բյուջեից մշտապես միջոցներ է «կլանում» (1992-ին Լևոն Տեր-Պետրոսյանը անթաքույց հրովարտակեց նորանկախ հանրապետության վերաբերմունքը կերպարվեստի նկատմամբ. «Պետությունը չպետք է կերակրի նկարչին»)։ Այնինչ հայ ազգային կերպարվեստը, համակարգված ուշադրության պարագայում, կարող է ներգրավվել համաշխարհային շուկաներում, որտեղ հսկայական գումարներ են շրջանառվում, որոնց դարպասները, ինչ խոսք, կրնկակոխ չեն բացվելու մեր առջև, սակայն, հավատացեք, չեն էլ գոցվելու, զի շուկան իր պահանջներն ունի և գործում է վաղուց հաստատված, գրված և չգրված օրենքների շրջանակում։ Ահա այստեղ է, որ հայերս, ի դեմս 3-րդ հանրապետության, ոչ թե աղքատ ազգական ենք հարուստ ազգակիցների ճոխ սեղանների մոտ, այլ ուղղակի ընկեցիկ։
ՀԱՅ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ ՆՈՐ ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱ՞Ն: ԻՆՉՈՒ ՉԷ
Գալուստ Կյուլպենկյանը խաղադրույքներ էր սահմանում համաշխարհային նավթային և բանկային գործընթացներում։ Գալուստ Կյուլպենկյանը կանոնակարգում էր խաղը` հիմնելով իր կերպարվեստային կայսրությունը։ Նա երևելի գործարար էր։ Նա առավել երևելի մեկենաս էր։ Նրա թիկունքում պետություն չկար։ Կար երկիրը, կար հայրենիքը։ Ներկա մեծահարուստ հայերի թիկունքում Հայկական պետությունն է` թեկուզ դեռ պետականազուրկ 3-րդ հանրապետության բովանդակությամբ։ Եվ այս նյութի ավարտը. դիցուք Գագիկ Ծառուկյանը, Արա Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը և այլք կարող են Կյուլպենկյանի հանգույն ստեղծել մի նոր համազգային կերպարվեստի կայսրություն և խաղադրույքներ սահմանել միջազգային ատյաններում։ Եթե ասվածն իրականանա, ապա նրանց շուրջը կձևավորվի ազգային կերպարվեստի մեկենասների մի փառավոր կոհորտա, նկարիչների և քանդակագործների մի փայլուն դիվիզիա և, իհարկե, արվեստասերների մի նվիրական բանակ։ Անձամբ լիահույս եմ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ